 |
Ռուդոլֆ Էրիխ Ռասպե
1737 թ., ք. Հանովեր,
Գերմանիա
1794 թ., ք. Մակրոս,
Իռլանդիա
|
 |
«Բարոն Մյունխհաուզենի արկածները» տիկնիկային ներկայացումից
|
Բարոն Մյունխհաուզենը գերմանացի գրող Ռուդոլֆ Էրիխ Ռասպեի «Բարոն Մյունխհաուզենի արկածները» գրքի գլխավոր հերոսն է:
Բարոն Մյունխհաուզենը ծիծաղաշարժ, բարալիկ հյուսքով կեղծամ էր կրում և հագնվում էր պճնամոլի պես: Երեկոյան նրա մոտ էին հավաքվում ընկերներն ու բարեկամները և, բուխարու շուրջը նստած, լսում հյուրասեր տանտիրոջ զարմանահրաշ պատմությունները, որոնք այնքան անհավանական ու արտառոց էին, այնքան ծիծաղաշարժ: Մյունխհաուզենը պատմում է, թե մի անգամ որսի ժամանակ եղջերուին կրակել է բալի կորիզով, որովհետև գնդակները վերջացել էին: Իսկ մեկ տարի անց, երբ կրկին հանդիպել է նույն եղջերուին, նրա ճակատին բուսնել էր հասուն պտուղներով մի հրաշալի բալենի: Այս անգամ նա արդեն անուշ է արել և՜ եղջերուի տապակած միսը, և՜ բալի կոմպոտը:
Մեկ այլ անգամ Մյունխհաուզենի վրա հարձակվում է մի կատաղած շուն: Բարոնը շան վրա է նետում իր մուշտակը: Գազազած շունը հարձակվում է մուշտակի վրա: Վերջինս էլ իր հերթին է գազազում և պատառ-պատառ անում բարոնի բոլոր հագուստները, նույնիսկ նոր համազգեստը: Բարոնն ստիպված գնդակահարում է մուշտակին:
Մյունխհաուզենն ընկերներին պատմել է նաև, թե ինչպես մի անգամ կենդանի գայլից տիկ է հանել, ինչպես է Լուսին թռել՝ թնդանոթի արկին նստած, կամ Լուսին մագլցել բակլայի երկար ցողունով:
Բարոն Մյունխհաուզենի արտառոց պատմությունները լոկ սովորական ստեր չեն. դրանք արտահայտում են առօրյա ճղճիմ կյանքի կապանքներից ձերբազատվելու մարդու ձգտումը: Մյունխհաուզենի զարմանալի ու
 |
Մյունխհաուզենի արձանը Մոսկվայի մետրոպոլիտենի «Մոլոդյոժնայա» կայարանի մոտ. պատկերված է այն դրվագը, երբ Մյունխհաուզենը քաշում է իր մազերից` ձիու հետ ճահճից դուրս գալու համար:
|
անհավանական արկածները սիրելի են և՜ մեծերին, և՜ փոքրերին: Նրա պատմություններն ընթերցողին գերում են իրենց սրամտությամբ ու անսովոր հնարամտությամբ:
Ռասպեն 1786 թ-ին «Մյունխհաուզենի արկածները» գիրքը հրատարակել է
անգլերեն` գերմաներեն «Ուղեցույց զվարճասերների համար» (1781–83 թթ.) ժողովածուի հիման վրա` այն լրացնելով անգլիական պատմությունից քաղած դրվագներով: Բանահյուսական, անտիկ և արևելյան անեկդոտներից քաղված սյուժեները խմբավորել է ռուսական բանակում իրականում ծառայած, սրամիտ պատմությունների հեղինակ բարոն Մյունխհաուզենի կերպարի շուրջը:
Մեկ տարի անց այդ գիրքը գերմաներեն է թարգմանել Գոթֆրիդ Ավգուստ Բրյուգերը, որը մեծ հաջողություն է ունեցել, և դրանով ամբողջացել է Մյունխհաուզենի գրական կերպարը:
Գիրքը հայերեն թարգմանվել և լույս է տեսել մի քանի անգամ, վերջին անգամ՝ 1978 թ-ին:
|