Ասում են, որ Նոյն Արարատ լեռան ստորոտում՝ Արարատյան դաշտում, տնկեց խաղողի առաջին որթը: Այն իր հետ տապան էր բերել Նոյի ուղեկիցներից մեկը:
Այսինքն՝ խաղողի հայրենիքը հայերի երկիրն է: Արարատյան դաշտի խաղողը տարբերվում է աշխարհի մյուս տեղերում աճող խաղողից: Այն արտասովոր համ ունի. քաղցր է ու հյութեղ, և իզուր չէ, որ երբ առաջին անգամ տեղի բնակիչները խաղող կերան, շատ հավանեցին: Նրանց գրավել էր այդ մրգի և՛ տեսքը, և՛ մեղրածոր համը: Դրա համար էլ նրանք սկսեցին մտածել, թե ինչ անեն, որ այդ հրաշալի ու հյութեղ պտուղը ճաշակեն ոչ միայն աշնանը, այլև ձմռանը: Նրանք խաղողի ոսկեզօծ հատիկները լցրեցին մեծ տաշտի մեջ և այն տեղավորեցին մութ մառանում: Համոզված էին, որ երբ ձյունը նստած լինի, իրենք նորից հաճույքով կըմբոշխնեն քաղցրածոր պտուղը: Եկավ ձմեռը: Մարդիկ գնացին ու տեսան, որ խաղողի կլոր հատիկները ճիլվել, ջուր են դարձել: Նրանք ափսոսեցին դեն նետել խաղողը: Մեկ էլ վրա ընկան և ուզածի չափ խմեցին քաղցր հյութը: Անմիջապես բոլորի տրամադրությունը բարձրացավ, և սկսվեց մի խենթ ուրախություն: Հետո մարդիկ սկսեցին իրենք ճմլել խաղողի հատիկները, որպեսզի հյութը մինչև վերջ կարողանան քամել: Այսպես հայոց երկրում ծնվեց գինին: Այն չարաշահողը միշտ ծիծաղելի վիճակի մեջ է ընկնում:
Առասպել նռնենու մասին
Այդ օրը հայոց աստվածների հայր Արամազդի պալատի շքեղ դահլիճում հավաքվել էին հայոց աշխարհի բոլոր մրգերը՝ ծիրանը, խաղողը, դեղձը, խնձորը, տանձը, կեռասը, սալորը, սերկևիլը, փշատը, նուռը…
Գահերին բազմել էին հայոց աստվածները՝ Արամազդը, Անահիտը, Վահագնը, Աստղիկը, Տիրը, Նանեն, Միհրը և Վանատուրը: Նրանք պետք է որոշեին, թե որ միրգն է հաղթելու այդ օրվա մրցույթում: Մրգերից յուրաքանչյուրը շլացնում էր իր զգեստի շքեղությամբ և ոսկեզօծ, դրվագազարդ սկուտեղի մեջ շարված հյութալի մրգերի առատությամբ:
Նռնենին հագել էր բոսորագույն ծաղիկներով զգեստ: Նրա աննման գեղեցկությունը շլացրել էր բոլորին: Բայց հիանալով հանդերձ՝ շատերը չարախոսում էին նրան.
— Նռնենին միայն մի պտուղ է բերել:
Բոլոր մասնակիցներն իրենց նախատող հայացքներն էին ուղղել նռնենուն: Հանկարծ նռնենին առաջ եկավ, իր մեկ հատիկ պտուղը դրեց սեղանին: Նուռը ճաքեց, և նրա հյութառատ, փայլփլուն հատիկները սփռվեցին բոլոր մրգերի կույտերի վրա և զարդարեցին դրանք: Դահլիճի ընդհանուր հիացմունքի և բուռն ծափահարությունների ներքո նռնենին վաստակեց ամենից շատ միավորները: Այդ օրվանից էլ նուռը դարձավ հաղթանակի և առատության խորհրդանիշ:

