Կենսագրություն

Հնագույն ձեռագիր կենսագրականներում, բանաստեղծի ստեղծագործություններում, ինքնակենսագրական բնույթի հիշատակություններում Գրիգոր Նարեկացու կյանքի մասին շատ քիչ տեղեկություններ են պահպանվել։

Հայտնի է, որ Գրիգոր Նարեկացին ծնվել է Վասպուրական նահանգի Ռշտունիք գավառում, Վանա լճիհարավային ափերին գտնվող Նարեկ գյուղում 951 թվականին։ Նարեկացին Անձևացյաց գավառի Խոսրով Անձևացի եպիսկոպոսի որդին էր։

Մանուկ հասակից կապված էր Ռշտունյաց աշխարհի Նարեկ գյուղի վանքի հետ, որտեղ էլ եղբոր հետ կրթվում և դաստիարակվում է ժամանակի ամենազարգացած մարդկանցից մեկի՝ Անանիա Նարեկացումոտ, որը նաև Գրիգորի մոր հորեղբայրն էր։ Յուրացնելով դպրոցի մատենադարանի թարգմանական և ինքնուրույն ձեռագիր կրոնափիլիսոփայական գրականությունը՝ Գրիգոր Նարեկացին հետագայում դարձել է ուսման այդ կենտրոնի սյուներից մեկը։

Ուսումը ստանալուց հետո Գրիգորը նույն Նարեկա վանքում դարձել է վանական, ստացել վարդապետի աստիճան և զբաղվել մանկավարժությամբ ու գրական աշխատանքներով: Այդ ժամանակ էլ ստանում է Նարեկացի անունը։ Իր հարուստ գիտելիքների և անբասիր վարքի շնորհիվ Նարեկացին շուտով մեծ համբավ է վաստակում։ Նրա մասին հյուսվում են զանազան ավանդություններ, որոնց մի մասը բանավոր կամ գրական մշակմամբ մեզ է հասել։

Հայտնի է նաև, որ մեծ հռչակ վայելող Նարեկացին ունեցել է նաև թշնամիներ՝ հոգևոր դասի բարձր շրջաններից։ Նա ինչ–ինչ պատճառներով մեղադրվել և անգամ հոգևոր դատարան է կանչվել։ Ենթադրվում է, որ Նարեկացին հալածվել է թոնդրակյանների աղանդին պատկանելու կամ հարելու համար, և գրել է մի թուղթ, որտեղ դատապարտում է թոնդրակեցիներին։

Գրիգոր Նարեկացին վախճանվել է 1003 թվականին և թաղվել է Նարեկա վանքում։ Նրա գերեզմանը երկար ժամանակ եղել է սրբազան ուխտատեղի` շրջակա հայ բնակչության համար։

Ըստ ավանդության՝ Նարեկացին ճգնել է ներկայումս իր անունը կրող քարայրում։

Նարեկացու ստեղծագործություններ

Գրիգոր Նարեկացուց մնացել են բավական թվով գործեր՝ «Մեկնութիւն երգոց երգոյն Սողոմոնի», չորս ներբող, գանձեր, տաղեր (թվով 30-ից ավելի), «Մատեան ողբերգութեան» պոեմը, թղթեր և այլ գործեր։ Այդ երկերից լավագույնները տաղերն են և «Մատեան ողբերգութեան» պոեմը։

Գրիգոր Նարեկացի

Գրիգոր Նարեկացի (մոտ 9511003), հայ միջնադարյան հոգևորական, քրիստոնյա աստվածաբան, միստիկ բանաստեղծ, երաժիշտ և փիլիսոփա։ Հայ Առաքելական Եկեղեցու կողմից սրբադասվել է։

Գրիգոր Նարեկացին համարվում է հայ գրականության վերածնության հիմնադիր, Հայ վերածնության փիլիսոփայական մտքի գագաթը։ Գրիգոր Նարեկացու ստեղծագործություններից հատկապես հայտնի է և մեծ ժողովրդայնություն է վայելում «Մատյան ողբերգության» («Մատեան ողբերգութեան», ժողովրդի մեջ տարածում է ստացել երկի՝ «Նարեկ» անվանումը) չափածո աղոթքների ժողովածուն։ 2015 թվականի փետրվարին Հռոմի Ֆրանցիսկոս պապըԳրիգոր Նարեկացուն դասել է Կաթոլիկ Եկեղեցու ուսուցիչների շարքում։