Թանգարանի գործունեության սկիզբ
Ամեն ինչ սկսվում է Արքայական հավաքածուի լավագույն կտավների ցուցադրումից, որը պահպանվում էր Լյուքսեմբուրգյան պալատում 1750-85 թվականներին։ Ցուցահանդեսը ունենում է ահռելի հաջողություն, որից հետո էլ միտք է ծագում Լուվրում բացել մշտական ցուցահանդես։ Մարքիզ դը Մարինյին (ֆր.՝ marquis de Marigny)` Թագավորական շենքերի վարչության ընդհանուր տնօրենը, և նրա ժառանգորդ կոմս Անգիվիլլերին (ֆր.՝ comte d’Angiviller) ծրագրում են Լուվրը դարձնել թանգարան։ 1791 թվականի մայիսի 6-ին ընդունվում է օրենքը, իսկ 1793 թվականի օգոստոսի 10-ին տեղի է ունենում նոր թանգարանի հանցիսավոր բացումը։ Սկզբում թանգարանը ծառայում է որպես արվեստագետների կրթարան։ 1855 թվականից թանգարանը բաց էր հանրության համար շաբաթական մեկ օր` մնացած օրերին շարունակելով ծառայել արվեստագետներին։ Առաջին կայսրության ժամանակ Լուվրը ստանում է Նապոլեոնի թանգարան անունը։ Առաջին տնօրեն է նշանակվում Դոմինիկ-Վիվան Դենոնը (ֆր.՝ Dominique-Vivant Denon)։ Վերջինս Լուվրը դարձնում է աշխարհի ամենամեծ թանգարանը և նախագահում նրա ապամոնտաժումը առաջին կայսրության անկման ժամանակ։ Թանգարանը ընդլայնվում է նեոկլասիցիստ ճարտարապետներ Շառլ Պերսիեի (ֆր.՝ Charles Percier) և Պիեռ Ֆոնտենի (ֆր.՝ Pierre-François-Léonard Fontaine) շնորհիվ, որոնք Ռիվոլի փողոցի երկայնքով կառուցում են Լուվրի շենքի նոր թևը։ Հաջորդ փոփոխությունը կատարվում է Նապոլեոն II-ի օրոք, մասնավորապես իրագործվում է «մեծ դիզայնը»։ Հյուսիսային պատկերասրահի կառուցումը (Ռիվոլի փողոցի երկայնքով շենքը, որը Լուվրի պալատը միացնում է այժմ ավերված Թյուիլրի պալատին) լրացնում և ավարտում է Հեկտոր-Մարտին Լեֆելի (ֆր.՝ Hector-Martin Lefuel) և Լուի Վսկոնտիի (ֆր.՝ Louis Visconti) նախագիծը։ Սրան զուգահեռ` հարավային թևում կառուցապատվում է սիմետրիկ թևը, որով ավարտուն տեսք է ստանում հսկայական ճարտարապետական համալիրը։ Բայց 1871 թվականին Փարիզի կոմունան այրում է Թյուիլրի պալատը, և ճարտարապետ Լեֆելը ստիպված վերակառուցում է շենքի մի հատվածը (հյուսիսային թևի վնասված կտորը)։ Իսկ Թյուիլրի պալատն այդպես էլ չի վերականգնվում, և տարիներ անց բազմաթիվ կշռադատումներից հետո վերջնականապես որոշում է կայացվում մաքրել պալատի ավերակները, որն էլ տեղի է ունենում 1882 թվականին։

Լուվրի բուրգ
Հիմնական հոդված՝ Լուվրի բուրգ
1983 թվականին Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Միտտերանի պատվերով Լուվրի պալատի Նոպոլեոնյան հրապարակի մեջտեղում կառուցվում է բրգաձև նոր մուտք՝ Լուվրի բուրգը։ Նախագծումն իրականացնում է չինական արմատներով ամերիկացի ճարտարապետ Լեո Մինգ Պեյը: Ամբողջ կոմպլեքսը կառուցված է ապակե կտորներից։ Գլխավոր բուրգի բարձրությունը 23,64 մ է, իսկ հատակը` 35,42 մ²։ Ամբողջ բուրգը բաղկացած է իրար միացած թվով 603 շեղանկյուններից և 70 եռանկյուններից։ Հանդիսավոր բացումը կայացել է 1989 թվականի մարտի 30-ին, իսկ բացվել է ապրիլի 1-ին: Բուրգի կառուցման առիթը 1789 թվականի Ֆրանսիական մեծ հեղափոխության 200-ամյա հոբելյանն էր։