Բագրատունյաց արքայատոհմի հիմնադրում 885թ. ( գրառում ՝ 11.01.2021)
Բագրատունիների արքայատան և թագավորության (885–1045 թթ.) հիմնադիր արքան Աշոտ Ա Մեծն է: Նա 855 թ-ից եղել է Հայոց սպարապետ, 862 թ-ին Արաբական խալիֆությունից ստացել է Հայոց, Վրաց և Աղվանից իշխանաց իշխանի տիտղոսը: Նրան է հանձնվել նաև հարկահանության իրավունքը, որի շնորհիվ հարկերը կրճատվել են երեք անգամ: Աշոտ Բագրատունին վերակազմել է բանակը. նրա թվաքանակը հասցրել է 40 հզ-ի, սպարապետությունը հանձնել է եղբորը՝ Աբասին: Երկրի վարչական, տնտեսական և ռազմական իշխանությունը Բագրատունիների ձեռքում էր: Պատմիչի խոսքով՝ Աշոտին պակասում էր միայն թագավորական թագը: 869 թ-ին կաթողիկոս Զաքարիա Ա Ձագեցու նախաձեռնությամբ հրավիրված հայ իշխանների ժողովը վճռել է Աշոտին հռչակել թագավոր և Հայաստանի թագավորությունը ճանաչելու պահանջով դիմել է խալիֆին: Վերջինս 885 թ-ին ստիպված արքայական թագ է ուղարկել Աշոտ Բագրատունուն և նրան ճանաչել Հայոց, Վրաց ու Աղվանից արքա: Բյուզանդիայի հայազգի Վասիլ (Բարսեղ) I կայսրը նույնպես արքայական թագ է ուղարկել և դաշինք կնքել Հայաստանի հետ: Կաթողիկոս Գևորգ Բ Գառնեցին 885 թ-ին երկրի իշխանների ու հյուրերի ներկայությամբ Բագարանում Աշոտ Բագրատունուն օծել է Հայոց թագավոր, որով միջազգային ճանաչում է ստացել Հայաստանի փաստական անկախությունը, և վերականգնվել է 457 տարի առաջ կործանված հայկական թագավորությունը: