Շնչառական համակարգ:Կառուցվածքը:

Շնչառության նշանակությունը:Բոլոր կենդանի օրգանիզմները, նաև մարդը, նյութափոխանակության իրականացման համար մշտապես թթվածնի կարիք են զգում: Թթվածինը օրգանիզմ է մտնում շնչառության միջոցով:

Շնչառությունը գործընթացների համալիր է, որն ապահովում է օրգանիզմի կողմից թթվածնի յուրացումը, նրա օգտագործումը օրգանական նյութերի օքսիդացման համար և նյութափոխանակության արգասիք ածխաթթու գազի հեռացումը:

Արդեն գիտեք, որ բջիջներին թթվածնի մատակարարումը և նրանցից ածխաթթու գազի հեռացումն իրականացնում է արյունը: Գազափոխանակությունն արյան և մթնոլորտային օդի միջև իրականացնում են շնչառության օրգանները: Շնչառությունը կարևորագույն կենսական գործընթաց է, որի դադարը կործանարար է օրգանիզմի համար:

shutterstock_450810031.jpg

Շնչառական օրգանների կառուցվածքը և գործառույթները:

Շնչառական համակարգը կազմված է օդատար ուղիներից (քթի խոռոչ, քթըմպան, կոկորդ, շնչափող և բրոնխներ) և գազափոխանակության օրգաններից` թոքերից:

Օդատար ուղիներից առաջինը, որը շփվում է մթնոլորտային օդի հետ, քթի խոռոչն է:

Քթի խոռոչը ոսկրաաճառային միջնորմով բաժանվում է երկու խոռոչների: Յուրաքանչյուր խոռոչ ունի ոլորապտույտ անցուղիներ, որոնք մեծացնում են նրա ներքին մակերեսը: Այդ ամբողջ մակերեսը պատված է լորձաթաղանթով, որը կազմված է թարթիչավոր էպիթելային հյուսվածքից: Թարթիչների թարթման, շարժման օգնությամբ քթի խոռոչից հեռացվում է լորձը՝ նրան կպած մանրէների և փոշու հետ միասին: Քթի խոռոչում ներշնչված օդը, շփվելով լորձաթաղանթի արյունատար անոթների հետ, տաքանում է՝ հասնելով մարմնի ջերմաստիճանին, իսկ լորձի միջոցով խոնավանում է (մինչև 95% խոնավություն):

Քթի խոռոչը և քթըմպանը

20196867_702101623328208_188518343_n.jpg

Այսպիսով` քթի խոռոչով անցնելիս օդը փոշեզերծվում, մանրէազերծվում, տաքանում և խոնավանում է:

Բերանի խոռոչի մակերեսը անհամեմատ փոքր է: Այդ պատճառով բերանով շնչելիս օդը չի ենթարկվում վերոհիշյալ փոփոխություններին, որի հետևանքով հաճախ առաջանում են օդատար ուղիների բորբոքումներ:

Քթի խոռոչի վերին մասում գտնվում են հոտառական ընկալիչներ, որի շնորհիվ քիթը համարվում է նաև հոտառական օրգան: Քթի խոռոչից օդը անցնում է քթըմպան, որն ըմպանի վերին մասն է, ապա մտնում է կոկորդ: 

Կոկորդ

Կոկորդը գտնվում է պարանոցի վերին մասում: Այն մի քանի աճառներով, կապաններով, ջլերով և մկաններով միմյանց միացած խոռոչ է: Աճառներից ամենամեծը՝ վահանաճառը, շոշափվում է պարանոցի վրա առջևից: Այն արտաքինից պաշտպանում է կոկորդը: Կոկորդի մուտքը վերևից փակվում է մակկոկորդի աճառով, որը կլլման պահին խոչընդոտում է սննդագնդիկի թափանցումը շնչափող: Հակառակ դեպքում սննդանյութի անցումը շնչափող շնչահեղձության և մահվան պատճառ կարող է դառնալ:

Կոկորդի խոռոչը պատված է լորձաթաղանթով, որը վնասազերծում է օդի հետ այստեղ հասած մանրէները, փոշին և շարունակում է տաքացնել ու խոնավացնել օդը:

лечение-фарингита-у-взрослых.jpeg

Կոկորդը նաև ձայնային օրգան է: Այդ խոռոչի ամենանեղ տեղում ձգվում են ձայնալարերը, որոնց միջև գտնվում է ձայնախորշը: Ձայնախորշը եռանկյունաձև է: Այն խոսելու պահին նեղանում է, և ձայնալարերը միմյանց են մոտենում: Ձայնը ձևավորվում է արտաշնչվող օդի միջոցով ձայնալարերի տատանման արդյունքում: Որքան մեծ է ձայնալարերի տատանման հաճախականությունը, այնքան բարձր է ձայնը:

Ձայնի և հոդաբաշխ խոսքի ձևավորման վրա ազդում է նաև լեզվի, շրթունքների, ստորին ծնոտի դիրքը, քթի և բերանի խոռոչների ձևը և այլն: Այդ է պատճառը, որ շնչառական ուղիների հիվանդությունների ժամանակ (անգինա և այլն) փոխվում է ձայնի որակը:

Ձայնախորշ

vocal_cords_anatomy.png

Շնչափողը անմիջապես կոկորդի շարունակությունն է: Այն 10−15սմ երկարությամբ խողովակավոր օրգան է: Կազմված է 16−20 աճառային կիսաօղակներից, որոնց շնորհիվ պարանոցի շարժումների դեպքում շնչափողի լուսածերպը մնում է բաց վիճակում, և օդն անարգել անցնում է շնչառական ուղիներ: Շնչափողի հետին պատը հպվում է կերակրափողին, և աճառի բացակայության շնորհիվ չի խանգարվում սննդագնդիկի տեղաշարժը: Շնչափողը ստորին մասում վեր է ածվում երկու գլխավոր՝ աջ և ձախ բրոնխների:

imgpsh_fullsize (2).jpg

Բրոնխները կառուցվածքով նման են շնչափողին: Նրանք երկու խոշոր խողովակներ են, որոնք մտնում են թոքեր և այնտեղ ճյուղավորվելով առաջացնում են բրոնխածառ: Խոշոր բրոնխները վեր են ածվում մանր բրոնխների, սրանք էլ` մանրագույն բրոնխների, որոնք ավարտվում են օդով լցված թոքաբշտերով: Թոքաբշտերի պատերը կազմված են միաշերտ հարթ էպիթելից, բարակ առաձգական թելերից և պատված են արյան մազանոթների խիտ ցանցով:

Յուրաքանչյուր թոքում հաշվվում է մինչև 400 մլն թոքաբուշտ, որոնց ընդհանուր մակերեսը 100−150 մ² է:

shutterstock_374675080.jpg

Փաստորեն, թոքերի շնչառական մակերեսը 70−100 անգամ մեծ է մարդու մաշկի մակերեսից: Թոքերի այդ հսկայական մակերևույթն ապահովում է գազափոխանակության մեծ արագությունը:

Թոքերը երկուսն են, տեղավորված են կրծքավանդակում, գրավում են համարյա նրա ամբողջ խոռոչը: Թոքերը նման են հատած կոնի, գագաթով ուղղված են վեր, հիմքով՝ ցած և հենվում են ստոծանուն: Թոքերը խոր ակոսներով բաժանվում են բլթերի: Յուրաքանչյուր թոքի մեջ մտնում է մեկ բրոնխ, բազմակի ճյուղավորվելով վերածվում մանրագույն բրոնխների, որոնք ավարտվում են մանրադիտակային մեծություն և կառուցվածք ունեցող թոքաբշտիկներով և նմանվում խաղողի ողկույզի:

shutterstock_228843106.jpg

Թոքաբշտիկների պատը կազմված է միաշերտ բջիջներից, որոնք արտաքուստ ծածկված են արյունատար մազանոթների խիտ ցանցով: Թոքաբշտերի և մազանոթների պատերի միջև կատարվում է գազափոխանակություն:

Արտաքինից թոքը պատված է շարակցահյուսվածքային թաղանթով՝ թոքամզով (թոքային պլևրայով): Այն կազմված է երկու թաղանթներից, որոնցից մեկը պատում է թոքերի մակերեսը (թոքամզային թաղանթ), մյուսը՝ կրծքավանդակի պատը ներսից (մերձպատային թոքամզային թաղանթ):

Թոքային և մերձպատային թոքամզային թաղանթների միջև առաջանում է ճեղքանման ազատ տարածություն, որը կոչվում է թոքամզային խոռոչ:

Թոքամզային թաղանթներից այդ խոռոչ է արտադրվում քիչ քանակությամբ հեղուկ, որը թուլացնում է շնչառության ժամանակ թոքերի և կրծքավանդակի պատերի միջև առաջացող շփման ուժը:

gif.gif

Սրտամկանի ինֆարկտ

Սրտամկանի ինֆարկտն իրենից ներկայացնում է սրտամկանում մեկ կամ մի քանի մեռուկացման օջախների առաջացումով և սրտի գործունեության խանգարմամբ պայմանավորված սուր հիվանդություն: Առավել հաճախ հիվանդանում են տղամարդիկ՝ 40-60 տարեկանում։

Պատճառներ
Որպես կանոն՝ սրտամկանի ինֆարկտի հիմնական պատճառն աթերոսկլերոզի հետևանքով սրտի պսակային զարկերակների ախտահարումն է, որը հանգեցնում է դրանց լուսանցքների նեղացմանը։ Հաճախ անոթների ախտահարման հատվածում աթերոսկլերոզային գործընթացն ուղեկցվում է թրոմբոզով (անոթների խցանում), որի հետևանքով լրիվ կամ մասնակի դադարում է արյան հոսքը սրտամկանի համապատասխան հատված։ Թրոմբի առաջացմանը նպաստում են արյան մակարդման խանգարումները։ Որոշակի դեր ունի պսակային զարկերակների ճյուղերի կծկանքը։ Սրտամկանի ինֆարկտի առաջացմանը նպաստում են հիպերտոնիկ հիվանդությունը, շաքարախտը, ճարպակալումը, նյարդային գերլարումն ու հոգեկան ցնցումները, ծխելը։ Սրտամկանի ինֆարկտը մեծ մասամբ առաջանում է կրծքային հեղձուկի ֆոնի վրա, որի դեպքում ֆիզիկական և հոգեկան գերլարումները կարող են դառնալ սրտամկանի ինֆարկտի անմիջական պատճառ։

Պաթոգենեզ
Սրտամկանի ինֆարկտի հիմնական ախտանշանը կրծքում ուժգին ցավերի երկարատև նոպան է՝ պայմանավորված սրտամկանում արյան, սննդանյութերի ու թթվածնի պահանջի սուր անբավարարությամբ։ Սովորաբար ցավը լինում է սեղմող, տանջող, այրող, տեղակայվում է կրծքավանդակի կենտրոնում (կրծոսկրի հետևում) կամ դեպի ձախ, հաճախ տարածվում է դեպի վեր և աջ, ճառագայթվում ձախ ձեռքը կամ 2 ձեռքերը, մեջքը, ստորին ծնոտը։ Որպես կանոն՝ նոպան տևում է մի քանի ժամ, երբեմն՝ նույնիսկ օր՝ ուղեկցվելով խիստ թուլությամբ, մահվան հանդեպ վախի զգացումով, ինչպես նաև հևոցով և սրտի աշխատանքի խանգարման այլ ախտանշաններով։

Բուժում
Կրծոսկրի հետևում սուր ցավերի դեպքում, որոնք նիտրոգլիցերինի օգտագործումից հետո չեն անցնում, անհրաժեշտ է շտապ բժշկական օգնություն կանչել։ Մինչև բժշկի գալը հիվանդի համար ապահովել ֆիզիկական և հոգեկան հանգիստ պայմաններ՝ պառկեցնել և հանգստացնել։ Շնչարգելության կամ օդը չբավարարելու դեպքում հիվանդին անկողնում տալ կիսանստած դիրք։ Չնայած սրտամկանի ինֆարկտի դեպքում նիտրոգլիցերինը ցավերն ամբողջությամբ չի հանգսւոացնում՝ միևնույն է, դրա կրկնակի օգտագործումն անհրաժեշտ է։ Ցավերը զգալիորեն հանգստանում են նաև սրտի ու կրծոսկրի շրջանում մանանեխի ծեփուկներ, ոտքերի տակ ջեռակ դնելիս, ձեռքերը տաքացնելիս։