
Արձակագիր, կինոսցենարիստ Աղասի Այվազյանը 1975թ. ստացել է ՀԽՍՀ պետական մրցանակ «Եռանկյունին» կինոնկարի սցենարի համար և Դերենիկ Դեմիրճյանի անվան մրցանակ «Եռանկյունին» գրքի համար:
Ծնվել է Վրացական ԽՍՀ Աբասթուման ավանում։ Սովորել է Թբիլիսիի գեղարվեստական ակադեմիայում (1942թ.), Թբիլիսիի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում, Երևանի գեղարվեստաթատերական և ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտներում (1945-48թթ.)։
Տարբեր հիմնարկություններում աշխատել է որպես նկարիչ-մուլտիպլիկատոր, գծագրող, կոնստրուկտոր, լրագրող։ 1965-73թթ.-ին եղել է «Գրական թերթի» արձակի բաժնի վարիչը, 1973-81թթ.-ին` «Էկրան» ամսագրի գլխավոր խմբագիրը։ 1967թ.-ին «Հայֆիլմ» կինոստուդիան նրա սցենարով նկարահանել է «Եռանկյունին» կինոնկարը, որը երկրորդ մրցանակ է շահել 1968թ.-ի լենինգրադյան համամիութենական փառատոնում։ 90-ականների սկզբին խմբագրել է «Հայություն» շաբաթաթերթը:
Նրա սցենարով «Հայֆիլմը» նկարել է նաև «Հայրիկ» գեղարվեստական կինոնկարը։ 1982թ.-ին «Հայֆիլմ» կինոստուդիան Աղասի Այվազյանի «Կովկասյան էսպերանտո» պատմվածքի հիման վրա նկարահանել է «Լիրիկական երթ» գեղարվեստական կինոնկարը, որի ռեժիսորը եղել է ինքը` սցենարի հեղինակը։ Ա. Այվազյանն իր «Վանոն և գորոդովոյը» պատմվածքի հիման վրա գրել է «Վառած լապտեր» կինոնկարի սցենարը։ Այս ֆիլմը պատմում է հայ անվանի նկարիչ Վանո Խոջաբեկյանի անսովոր ճակատագրի մասին։