KFC. Գնդապետ Սանդերսի բիզնես-կայսրությունը

KFC-ն ունի ավելի քան 90 տարվա պատմություն։ Ընկերությունը իրենից ներկայացնում է արագ սննդի ցանց, որի առանցքային բաղադրիչը թռչնամսից պատրաստած ճաշատեսակներն են։ KFC-ի հիմնադիրն է Հարլանդ Դեվիդ Սանդերսը, որն ավելի հայտնի է գնդապետ Սանդերս անվամբ։

Արագ սննդի ոլորտում առևտրի ծավալով KFC-ն զիջում է միայն McDonald’s–ին։ KFC-ն ունի ավելի քան 22 հազար ռեստորան աշխարհի 136 երկրներում, իսկ աշխատողների թիվը անցել է 820 հազարը։

Ինչպես է ամեն ինչ սկսվել

KFC-ի ստեղծման պատմությունը սկսվել է Հենրիվիլ քաղաքում, որտեղ 1890 թվականին ծնվել է Հարլանդ Սանդերսը։ Նրա հայրը մահացել էր, երբ Հարլանդը ընդամենը 6 տարեկան էր։ Դեռ մանուկ հասակից սկսած նա հաճախ ստիպված էր ուտեստներ պատրաստել իր կրտսեր եղբոր և քրոջ համար։ Արդեն այդ ժամանակ Սանդերսի մոտ նկատվում էր սննդի պատրաստման տաղանդ։

13 տարեկանում Հարլանդը լքեց իր տունը՝ թողնելով ուսումը դպրոցում։ 3 տարվա ընթացքում նա ստիպված էր հաճախակի փոխել իր բնակության վայրը և հազիվ էր վաստակում օրվա ապրուստի համար։ 16 տարեկանում նա կեղծեց իր փաստաթղթերը և ծառայության անցավ ԱՄՆ բանակում։ Բանակից վերադառնալուց հետո Հարլանդը սկսեց աշխատել տարատեսակ ոլորտներում՝ լինելով դարբնի օգնական, ինչպես նաև երկաթգծերի սպասավոր։ Սակայն ոչ մի աշխատավայրում նա երկար չմնաց։

Հերթական տեղափոխությունը Սանդերսների ընտանիքին բերեց Կենտուկի նահանգ։ Այդտեղ սկզբնապես Սանդերսն աշխատում էր որպես անվադողերի վաճառող, իսկ այնուհետև «Standard Oil» բենզալցակայանի մենեջեր։ Սակայն տեղի շրջաններում երաշտից հետո բենզինի նկատմամբ պահանջարկը կտրուկ անկում ապրեց։ Սանդերսին հաջողվեց համաձայնության հասնել տեղական «Shell Oil» ընկերության ղեկավարության հետ և վարձավճարով վերցնել նոր տարածք։ Այդպես Կորբին քաղաքում հանրապետական նշանակության ճանապարհի խաչմերուկում հայտնվեց Սանդերսի բենզալցակայանը։

Կորբինի բենզալցակայանը

Բենզալցակայանին կից Սանդերսը որոշեց նաև սուրճ վաճառել։ Նա տեղադրեց սեղան ու 6 աթոռ և սկսեց իր հաճախորդներին առաջարկել տնական ուտեստներ։ Թռչնամսի պատրաստումը նրա մոտ ամենից հեշտն էր։ Սանդերսն անընդհատ փորձարկումներ էր անում, և սրճարանը աստիճանաբար սկսեց ավելի շատ եկամուտներ բերել նրան, քան բենզալցակայանը։

Այնուհետև նա տեղադրեց հայտարարություն այն մասին, որ այդտեղ կարելի էր գնել Հարլանդ Սանդերսի կենտուկիական տապակած թռչնամիս։ Այդպես առաջացավ ապագա հայտնի ուտեստի ֆիրմային անվանումը։

Գնդապետի կոչումը

4 տարի անց Հարլանդը գնեց ևս մեկ բենզալցակայան, որին կից կառուցեց ավելի մեծ ճաշարան։ Նա շարունակում էր կատարելագործվել՝ անցնելով հյուրանոցային տնտեսության դասընթացներ և ստեղծելով մի շարք ֆիրմային ուտեստներ հավի տապակած մսից։

Սանդերսը խոհանոցում, 1930թ․

Սանդերսի գնդապետի կոչումը կապված չէր բանակում ծառայության հետ։ Կենտուկի նահանգում գոյություն ուներ Kentucky Colonels միաբանություն (Կենտուկիի գնդապետներ), որտեղ ընդունվում էին միայն անձինք, ովքեր որոշակի ձեռքբերումներ ունեին հասարակության մեջ։ 1936 թվականին նահանգապետը Սանդերսին շնորհեց գնդապետի կոչում հասարակական սննդի ոլորտում գրանցած հաջողությունների համար։

Նոր ռեստորանը

Իր արժանիքների ճանաչումը Հարլանդին հրեց բիզնեսի հետագա ընդլայնմանը։ Նա մեծացնում է ռեստորանը, իսկ ավելի ուշ ձեռք է բերում նաև հյուրանոց։ Բացման արարողության ժամանակ Սանդերսը հայտնվեց թիթեռ-փողկապով և յուրօրինակ կոստյումով։ Այդպիսի արտաքին տեսքը դուր եկավ հանրությանը։ Այդ պահից սկսած՝ բոլոր հասարակական վայրերում Սանդերսին տեսնում էին միայն սպիտակ կոստյումով։

Ռեստորանում գործերը շատ լավ էին ընթանում, իսկ Fried Chicken ուտեստը վայրկյանապես վաճառվում էր։

Ցանցի հիմնադրումը

1952 թվականին Սանդերսը եկավ այն մտքին, որ անհրաժեշտ էր բիզնեսը վարել նոր ձևով։ Նա որոշեց վաճառել իր գյուտը երիտասարդ ձեռներեց Պիթ Հարմանին։ Այդպիսով փորձառու Սանդերսը որոշեց ֆրանչայզինգային պայմանագիր կնքել մի շարք ռեստորանների հետ։

Սանդերսին հաջողվեց համաձայնության գալ Հարմանի հետ, ում ռեստորանի վերևում հայտնվեց ցուցանակ՝ Kentucky Fried Chicken անվանումով։ Այդպես առաջացավ բոլորին հայտնի բրենդը։ Սկսվեց արագ սննդի ապագա հսկայական կայսրության ստեղծման պատմությունը։

Հարմանի պնդմամբ թռչնամսի տապակման ուտեստի ավելացումը մի քանի անգամ մեծացրեց իր ռեստորանի եկամուտները։

Ցանցի ընդլայնումը

1950-ականների կեսերին ԱՄՆ-ում սկսվեց ճանապարհաշինության ազգային ծրագրի իրականացումը։ Պլանով նախատեսված էր, որ բանուկ խաչմերուկը, որտեղ գտնվում էին Սանդերսի ռեստորանը և հյուրանոցը, պետք է տեղափոխվեր 7 մղոն այլ կողմ։

Բիզնեսի վաճառքը

Այդ ժամանակ Սանդերսին բիզնեսի վաճառքի վերաբերյալ գործնական առաջարկությամբ դիմեց իր որդու իրավաբան Ջոն Բրաունը։ Բրաունը և այլոք կարծում էին, որ 74-ամյա Սանդերսը կորցրել է բիզնեսի նկատմամբ իր հետաքրքրությունը։

Բանակցություններից հետո Սանդերսը համաձայնեց գործարք կնքել։ Նա ստացավ 2 միլիոն դոլարի «ցմահ կենսաթոշակ», ինչպես նաև ընկերության արտադրության որակը կառավարելու և ընկերության գլխավոր դեմքը լինելու հնարավորություն։ Բրենդի նկատմամբ իրավունքները ստանձնեցին Ջոն Բրաունը և Ջեք Մեսսին, ով ֆինանսավորեց այդ գործարքը։

Ջեք Մեսսին, Հարլանդ Սանդերսը և Ջոն Բրաունը

Գնդապետի մահը

1980 թվականին ընկերության հիմնադիր գնդապետ Սանդերսը մահացավ լեյկեմիայից։ Նույնիսկ իր կյանքի վերջին փուլում նա ակտիվորեն զբաղվում էր պայմանագրով ստանձնած իր պարտավորությունների կատարմամբ՝ հաճախակի այցելելով ցանցի տարբեր կետերը։ Նրա կերպարանքը մտավ ազգային մշակույթի պատմության մեջ և մինչ այսօր կիրառվում է ընկերության բոլոր առևտրային կետերում։

Տարբերանշանի փոփոխությունը

KFC-ի առաջին տարբերանշանը նախագծվել է 1952 թվականին դիզայներական ընկերության կողմից։ Այն բաղկացած էր «kentucky fried chicken» գրվածքից և առանձին պատկերված Հարլանդ Սանդերսի նկարից։

Նույն գործակալությունը մասնակցել է նաև 1978 թվականի տարբերանշանի նախագծման աշխատանքերին։ Ոչ մեծ փոփոխության արդյունքում Սանդերսի պատկերը դարձավ ավելի բարիդրացիական։

1991 թվականին տարբերանշանում առաջին անգամ հայտնվեց բոլորին հայտնի KFC հապավումը։ Իսկ 2006 թվականի տարբերանշանում Սանդերսի պատկերը խոշորացվել է։ Առաջին անգամ նա պատկերվել է կարմիր գոգնոցով, ինչը ցույց է տալիս, որ գնդապետը իրական շեֆ-խոհարար էր, այլ ոչ թե հորինված կերպար։

Հղումը վերցրել եմ -https://www.hamakarg.am/?p=3817

Թողնել մեկնաբանություն