Սիմոն Վրացյան, հայ հասարակական-քաղաքական, ազգային պետական գործիչ, դաշնակցական ղեկավար։ Եղել է Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիրներից մեկը, գյուղատնտեսության և պետական գույքի, ինչպես նաև աշխատանքի նախարար ու չորրորդ վարչապետը։
Սիմոն Վրացյանը ծնվել է 1882 թվականի մարտի 24-ին Ռոստովի մերջակայքում՝ Նոր Նախիջևանի Մեծ Սալա գյուղում, Ղրիմից գաղթած գյուղացու ընտանիքում։ Նրա հայրը հարուստ, բայց աղքատացած Մերկյան Քերոբի ժառանգներից էր՝ չարքաշ հողագործ և վարձու աշխատավոր։ Ավելի ուշ, երբ տնից հեռու էր, հայրը՝ Ղազարոսը, Նոր Նախիջևանում իջևանատուն ուներ և ապրում էր ավելի բավարար նյութական պայմաններում։ Ղազարոսի ընտանիքը կրում էր Գռուզյան (Գրուզյան) ազգանունը, համաձայն ընտանեկան ավանդության «գռուզ» (գանգուր) մազեր ունենալու պատճառով, որը դպրոցում դարձավ Գրուզինյան, ապա թարգմանվեց հայերեն՝ Վրացյան։
Ընտանիքի կազակական բնակավայր տեղափոխվելու պատճառով՝ Ս․Վրացյանը սկզբնական կրթությունը ստացել է ռուսական դպրոցում, մի հանգամանք, որը չափազանց վշտացրել է ավանդապահ ու հավատացյալ մորը։ Ինչպես վկայում է Սիմոն Վրացյանն իր հուշերում, մայրն անընդհատ կրկնում էր․ «Վախ, վախ, զավակներս ձեռքե կերթան», իսկ երբ հայրը նրան տանում է ռուսական դպրոց, մոր վերջին խոսքը լինում է «Նայե , հայնակ չմոռնաս»։
Հայրենի գյուղում, ուր ընտանիքը շուտով վերադառնում է, Ս․Վրացյանի առաջին ուսուցիչը եղավ Խաչիկ վարժապետը, որը դասավանդում էր գյուղական Ս․ Համբարձումյան ծխական դպրոցում։ Լավ երգում էր և վայելում գյուղացիների սերն ու հարգանքը։ Գյուղի տարրական նախակրթարանն ավարտելուց հետո նա կրթությունը շարունակում է Նոր Նախիջևանի թեմական դպրոցում:
1918-1920 թվականներին Հայաստանը հայտնվել էր ներքին և, հատկապես, արտաքին քաղաքական տագնապալի վիճակում։ Հյուսիսից սպառնում էր Խորհրային Ռուսաստանը, Հարավ-արևմուտքից Հայաստանի Հանրապետության տարածք ներխուժած ու Ալեքսանդրապոլը գրաված քեմալական Թուրքիան, իսկ արևելքից Նախիջևանի թուրքերն ու մուսավաթական Ադրբեջանի ասկյարները։ Իսկ Վրաստանը, չեզոքության քողի տակ Հայաստանի հետ կնքած ժամանակավոր համաձայնագրով զորքերը մտցնելով Բորչալուի գավառ, ձգտում էր այն վրացական անվիճելի տարածք դարձնել։ Հ. Օհանջանյանի կառավարությունն իրեն սպառել էր արդեն:
Հասարակական-քաղաքական շրջաններում երկու լուծում էին տեսնում։ Մի մասը համարում էր, որ բոլոր կուսակցությունները պետք է համախմբվեն այնպիսի մեկի նախագահությամբ, ով կկարողանար միավորել բոլոր քաղաքական ուժերը և վստահություն ներշնչեր թուրքերին։ Մյուս մասը իրավիճակի ելքը տեսնում էր «ձախակողմյան» կառավարություն կազմելը, որով հնարավոր կլիներ ընդհանուր լեզու գտնել բոլշևիկների հետ[7]։ Ընտրությունը կանգ էր առել Քաջազնունու թեկնածության վրա, ով դեռևս 1918 թվականինօ օգոստոսի 3-ին արտահայտվել էր հատկապես թուրքերի հետ խաղաղության հաստատման կարևորության օգտին[8], բայց Դաշնակցություն կուսակցության ներսում պետական-կուսակցական սկզբունքային հակասություններ կային, որը մի երրորդ խումբ էր կազմում.