Երբ ես երիտասարդ էի, ուզում էի վերափոխել աշխարհը, ավելի հասուն տարիքում ցանկանում էի փոխել իմ երկիրը, իսկ երբ տարիքս առա, ուզում էի ընտանիքս բարեփոխել, բայց միայն մահվան մահճում հասկացա, որ պիտի փոխեի ինքս ինձ, որի արդյունքում գուցե փոխվեին իմ ընտանիքը, երկիրն ու աշխարհը…
ՈՒ. ՉԵՐՉԻԼ
2-րդ համաշխարհային պատերազմի տարիներին Անգլիայի կառավարությունը ղեկավարում էր Ուինստոն Չերչիլը: Նա ուներ բարեկամական հարաբերություններ Խորհրդային Միության ղեկավար Իոսիֆ Ստալինի և ԱՄՆ ղեկավար Ֆրանկլին Ռուզվելտի հետ:
1945թ. հուլիսին Անգլիայում տեղի են ունեցել ընտրություններ, որին մասնակցում էին 2 կուսակցություններ՝ լեյբորիստական և պահպանողական կուսակցությունները: «1945թ. Ուինստոն Չերչիլը մասնակցություն չի ունեցել նախընտրական քարոզարշավին՝ մտածելով, որ անգլիացիները նրան համարում են 2-րդ համաշխարհային պատերազմում հաղթած առաջնորդ և ընտրելու են նրան: Սակայն ընտրությունների արդյունքները ցույց տվեցին, որ նա սխալվել է: Ընտրություններին հաղթել էին լեյբորիստները՝ առաջնորդ Կլեմենթ Էթլիի գլխավորությամբ և իշխել են մինչև 1951թ.: Հասկանալի է, որ սոցիալիստական գաղափարն, այնուամենայնիվ, Մեծ Բրիտանիայում խոր արմատներ չունեցավ, դրա համար 1951թ. կրկին իշխանության եկան պահպանողականները»,-իր խոսքում ասաց Վալերի Ավանեսյանը:
Այդ ժամանակ սկսված էր սառը պատերազմը, որի հեղինակներից մեկը եղել է Ուինստոն Չերչիլը: Սառը պատերազմը սկսվել է ԱՄՆ-ում, երբ Ուինստոն Չերչիլը մեծ քաղաքականության մեջ չէր, նրան հրավիրել էին 2-րդ համաշխարհային պատերազմի մասին դասախոսություններ վարելու:
«Սառը պատերազմում Մեծ Բրիտանիան ունեցել է իր ակտիվ մասնակցությունը, ընդհուպ առ այն, որ Ուինստոն Չերչիլը խնդրում է, որպեսզի ԱՄՆ-ն ԽՍՀՄ-ի վրա ատոմային ռումբ կիրառի»,- ասում է Վալերի Ավանեսյանը:
Չերչիլն ավարտելով իր քաղաքական կարիերան, վերանայել է իր գործունեությունը՝ որպես քաղաքական գործիչ: Կորցնելով իր իշխանությունը, այնուամենայնիվ նա ունեցել է բարձր հեղինակություն, որի շնորհիվ 1951-ին պահպանողական կուսակցությանը հաջողվեց Անգլիայի խորհրդարանում մեծամասնություն ապահովել:
Իսկ ո՞րն էր 1945թ. ընտրություններում պահպանողականների և Ուինստոն Չերչիլի պարտության պատճառը:
2-րդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո բանակում ծառայող զինվորների վերադառնալուց հետո առաջանում են սոցիալական խնդիրներ:
«Մեծ Բրիտանիայում հետպատերազմյան հասարակական, սոցիալական վիճակի կարգավորումը դժվար ընթացք ունեցավ: ժողովուրդը մտածում էր, որ պետությունն իրենց խնդիրները պետք է վերցնի իր ուսերին: