Իտալիա (իտալ.՝ Italia), պաշտոնապես Իտալիայի Հանրապետություն (իտալ.՝ Repubblica italiana)], ունիտար խորհրդարանական հանրապետություն Եվրոպայում: Տեղակայված է Միջերկրական ծովի սրտում: Իտալիան ազատ ցամաքային սահմաններ ունի Ֆրանսիայի, Շվեյցարիայի, Ավստրիայի, Սլովենիայի, Սան Մարինոյի և Վատիկանի հետ: Իտալիայի տարածքը կազմում է 301.338 կմ քառակուսի (116,347 քառակուսի մղոն) և հիմնականում ունի հանգիստ սեզոնային և միջերկրածովային կլիմա: Իր տեսքի պատճառով հաճախ այն անվանում են lo Stivale (կոշիկ): 61 միլիոն բնակչությամբ Իտալիան չորրորդ ամենախոշոր բնակչություն ունեցող երկիրն է Եվրոպական միությունում:
Անտիկ ժամանակաշրջանում հին կարթագենացիները, փյունիկիացիները և հույներն Իտալիայի հարավում հիմնել են բնակավայրեր․ էտրուսկները և կելտերը բնակվել են Իտալիայի կենտրոնական հատվածում, իսկ հյուսիսում բնակվել են հին իտալական տարբեր ցեղեր և ժողովուրդներ, որոնք հետագայում սփռվել են ողջ Ապենինյան թերակղզով մեկ: Իտալական ցեղերը հիմնել են Հռոմեական թագավորությունը, որը հետագայում դարձել է հանրապետություն և նվաճել հարևան քաղաքակրթությունները: Հռոմը հետագայում հասավ իր հզորության գագաթնակետին և նվաճեց հին աշխարհի մեծ մասը՝ դառնալով արևմտյան քաղաքակրթության մշակութային, քաղաքական և կրոնական առաջատար կենտրոնն աշխարհում:
Միջնադարի սկզբում Հռոմեական կայսրությունը փլուզվեց և ենթարկվեց բարբարոսների հարձակումներին: 11-րդ դարի սկզբին բազմաթիվ քաղաք-պետություններ և ծովային հանրապետություններ հզորացան և զարգացրին նավաշինարարությունը, առևտուրն ու բանկային գործը, ինչը հիմք հանդիսացավ ժամանակակից կապիտալիզմի[12] ձևավորման համար: Այս անկախ պետությունների միջոցով Եվրոպան առևտրային ճանապարհ բացեց դեպի Մերձավոր Արևելք և Ասիա: Արդյունքում, հարստացան ֆեոդալները, որոնք մեծ հեղինակություն ձեռք բերեցին ամբողջ Եվրոպայում: Կենտրոնական Իտալիայի մեծ մասը գտնվում էր կրոնապետական Պապական մարզերի վերահսկողության տակ, մինչդեռ Հարավային Իտալիան մնաց ֆեոդալական՝ ընդհուպ մինչև 19-րդ դարը, մասամբ բյուզանդացիների, արաբների, նորմանների, իսպանացիների և Բուրբոնների տարածաշրջան կատարած արշավանքների պատճառով:
Վերածնունդը սկսվեց Իտալիայում և սփռվեց ամբողջ Եվրոպայում` առաջ քաշելով նոր հայացքներ հումանիզմի, գիտության, հայտնագործությունների և արվեստի ոլորտներում: Վերածնունդը դարձավ իտալական մշակույթի ծաղկման ժամանակաշրջան՝ տալով այնպիսի հայտնի արվեստագետներ և գիտնականներ, ինչպիսիք են Լեոնարդո դա Վինչին, Գալիլեո Գալիլեյը, Միքելանջելոն և Նիկոլո Մաքիավելին: Իտալացի ճանապարհորդներ, ինչպիսիք են Մարկո Պոլոն, Քրիստափոր Կոլումբոսը, Ամերիգո Վեսպուչին և Ջիովաննի դա Վարացանոն, բացահայտեցին նոր ճանապարհներ դեպի Հեռավոր Արևելք և Նոր աշխարհ` օգնելով Եվրոպային մտնել Աշխարհագրական մեծ հայտնագործությունների ժամանակաշրջան: Սակայն Իտալիայի առևտրային և քաղաքական հզորությունն անկում ապրեց, երբ հայտնաբերվեցին դեպի Ասիա շրջանցող ուղիները: Հետագայում իտալական քաղաք պետություններն սկսեցին արյունահեղ պատերազմները միմյանց հետ, որոնք հայտնի են 15-16-րդ դարերի Իտալական պատերազմներ անվամբ: Արդյունքում իտալական քաղաք-պետոթյունները թուլացան և նրանցից ոչ մեկը չդարձավ առաջնորդ ուժ: Քաղաք պետությունների թուլացումն առիթ հանդիսացավ եվրոպական տերությունների կողմից դեպի Իտալիա արշավանքների, որոնցից էին Ֆրանսիան, Իսպանիան և Ավստրիան:
19-րդ դարի կեսերին Իտալական ազգայնականության աջակցությամբ սկսվեց պայքար անկախության համար, ինչի արդյունքում երկիրն ընկավ հեղափոխական մի ժամանակաշրջան, որը հայտնի է Ռիսորզիմենտո անվամբ: Վերջինիս նպատակն էր ստեղծել միավորված ազգային պետություն: Մի քանի անհաջող փորձերից հետո, 1861 թվականին հնարավոր եղավ երկիրը միավորել: Վերջինս դարձավ գերտերություն՝ երկար դարեր օտարի լծի տակ մնալուց հետո[16]: 19-րդ դարի վերջից մինչև 20-րդ դարի սկիզբը նոր կազմավորված Իտալիայի թագավորությունն սկսեց արագ տեմպերով զարգանալ, ստեղծվեցին արդյունաբերական կենտրոններ՝ հիմնականում երկրի հյուսիսում: Իտալիան վերածվեց գաղութատիրական կայսրության[17], մինչդեռ հարավային Իտալիայի տնտեսությունը մնաց թերզարգացած[18]: Առաջին համաշխարհային պատերազմի արդյունքում լինելով հաղթանակած կողմերից մեկը՝ Իտալիան մտավ տնտեսական ճգնաժամի և սոցիալական բողոքների փուլ, ինչի արդյունքում 1922 թվականին հատատվեց ֆաշիստական դիկտատուրա: Առանցքի ուժերի կազմում Երկրորդ համաշխարհային պատերազմին մասնակցությունն ավարտվեց պարտությամբ, տնտեսական անկմամբ և Իտալիայի քաղաքացիան պատերազմով: Հաջորդեց Իտալիայի լիբերացումը և ժողովրդավարական կարգերի հաստատումը, իսկ Իտալիայի միապետությունն անկում ապրեց:
Ներկայումս Իտալիայի տնտեսությունն իր մեծությամբ երրորդն է Եվրագոտում և ութերորդը` աշխարհում: Ազգային հարստության ցուցանիշներով Իտալիան յոթերորդն է աշխարհում, իսկ երկրի կենտրոնական բանկում ոսկու պահուստների ցուցանիշներով՝ երրորդն աշխարհում: Իտալիան ունի մարդկային զարգացվածության բարձր աստիճան և կյանքի միջին տևողության ցուցանիշներով վեցերորդն է աշխարհում: Երկիրը մեծ դեր ունի տարածաշրջանի տնտեսական, ռազմական, մշակութային, դիվանագիտական զարգացման գործընթացում[19][20][21][22]: Իտալիան Եվրոպական միության հիմնադիր և առաջատար անդամներից մեկն է: Բացի այդ անդամակցում է միջազգային այնպիսի կազմակերպությունների աշխատանքներին, ինչպիսիք են՝ ՄԱԿ-ը, ՆԱՏՕ-ն, ՏՀԶԿ-ն, ԵԱՀԿ-ն, ԱՀԿ-ն, Մ7/Մ8, Մ20, Միջերկրածովյան միությունը, Եվրոպայի Խորհուրդը և այլն: Որպես մշակութային կենտրոն, Իտալիայում են գտնվում Համաշխարհային ժառանգության 51 օբյեկտներ: Այս ցուցանիշով Իտալիան առաջինն է աշխարհում: Իտալիան հինգերորդ ամենաշատ զբոսաշրջիկներ ընդունող երկիրն է աշխարհում: