
| Մոլեկուլ |
|---|
| Քիմիական հատկություններ |
| Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա) |
{\displaystyle B_{2}H_{6}} մոլեկուլ
Մոլեկուլ, երկու կամ ավելի ատոմներից բաղկացած էլեկտրականապես չեզոք խումբ: Ատոմները միասին պահվում են քիմիական կապերի միջոցով: Մոլեկուլները տարբերվում են իոններից էլեկտրական լիցքի բացակայությամբ: Բայց քվանտային ֆիզիկայում, օրգանական քիմիայում և կենսաքիմիայում «մոլեկուլ» տերմինն հաճախ գործածվում է պակաս խստությամբ և օգտագործվում է նաև բազմատոմ իոնների դեպքում: Գազերի կինետիկ տեսության մեջ «մոլեկուլ» տերմինը հաճախ օգտագործվում է ցանկացած գազանման մասնիկի համար՝ անկախ նրա բաղադրությունից: Համաձայն այդ սահմանման՝ ազնիվ գազերի ատոմները համարվում են մոլեկուլներ, քանի որ նրանք հանդես են գալիս միատոմ մոլեկուլներով:
Մոլեկուլը կարող է լինել հոմոմիջուկային, այսինքն՝ կազմված լինել միևնույն քիմիական տարրի ատոմներից, ինչպես թթվածինը (O2), կամ կարող է լինել հետերեմիջուկային՝ մեկից ավելի քիմիական տարրերից բաղկացած միացություն, օրինակ՝ ջուրը (H2O): Ատոմները և կոմպլեքս միացությունները, որոնց փոխազդեցությունը ոչ կովալենտային է (ջրածնային և իոնական կապեր), սովորաբար չեն համարվում առանձին մոլեկուլներ: Մոլեկուլները, որպես նյութի բաղադրիչներ, առկա են օրգանական նյութերում, հետևաբար և կենսաքիմիայում: Նրանք կազմում են նաև օվկիանոսների և մթնոլորտի մեծ մասը: Երկրագնդի վրա մեզ հայտնի պինդ նյութերի մեծ մասը, այդ թվում նաև միներալները, որոնք կազմում են երկրակեղևը, միջնապատյանը և Երկրի միջուկը, պարունակում են շատ քիմիական կապեր, բայց բաղկացած են չնույնականացված մոլեկուլներից: Բացի դրանից, տիպիկ մոլեկուլը չի կարող բնորոշել իոնային բյուրեղները (աղեր) և կովալենտ բյուրեղները (ցանցային կապերով մարմիններ), չնայած նրանք հաճախ բաղկացած են կրկնվող տարրական բջիջներից, որոնք տարածվում են կամ հարթության վրա (գրաֆիտ), կամ եռաչափ տարածության մեջ (ալմաստ, քվարց, նատրիումի քլորիդի բյուրեղ): Կրկնվող տարրական մասնիկների թեման ակտուալ է նաև մետաղական կապ պարունակող խտացված ֆազերի համար, որը նշանակում է, որ պինդ մետաղները ևս բաղկացած չեն մոլեկուլներից: Ապակիներում, որոնցում գոյություն չունի մասնիկների կարգավորված դասավորություն, ատոմները կարող են միմյանց հետ կապված մնալ քիմիական կապերով առանց որևէ որոշակի մոլեկուլ կամ կրկնվող միացություններ առաջացնելու, որոնք բնութագրական են բյուրեղներին:Ա. Ավոգադրո
Պատմություն և ծագումնաբանություն
Մոլեկուլի գաղափարը և անվանումը առաջինն օգտագործել է ֆրանսիացի բնափիլիսոփա Պիեռ Գասենդին (1592-1655 թվականներ)։ Մոլեկուլը՝ որպես քիմիական փոխարկումների ենթարկվող և ատոմից տարբերվող նյութի ամենափոքր քանակություն, ձևակերպել է Ա. Ավոգադրոն (1811 թվական)։
Համաձայն Merriam-Webster և Online Etymology բառարանների «մոլեկուլ» բառը առաջացել է լատիներեն “moles” բառից, որը նշանակում է չափազանց փոքր զանգված:
Անգլերեն` molecule (1794), Ֆրանսերեն՝ molécule (1678), լատիներեն molecula՝ նվազական փաղաքշական բառ: Նորաձև բառ է եղել մինչև 18-րդ դարի վերջերը, հետքերը տանում են մինչև Դեկարտի փիլիսոփայություն]:
«Մոլեկուլ» բառի սահմանումը էվոլյուցիայի ենթարկվեց մոլեկուլի կառուցվածքի մասին գիտելիքների ծավալի մեծացման հետ զուգընթաց: Ավելի վաղ եղած սահմանումները ստույգ չէին, որոնք մոլեկուլը բնութագրում էին որպես մաքուր քիմիական նյութի փոքրագույն մասնիկ, որը պահպանում է իր բաղադրությունը և քիմիական հատկությունները[10]: Այս սահմանումը հաճախ խախտվում է, քանի որ շատ նյութեր, ինչպիսիք են լեռնային ապարները, աղերը և մետաղները ոչ թե բաղկացած են առանձին մոլեկուլներից, այլ քիմիապես միմյանց հետ կապված ատոմների, կամ իոնների մեծ բյուրեղական ցանցերից:
Մոլեկուլ հասկացությունը պաշտոնապես գիտության մեջ է մտել ավելի ուշ (Կարլսրուեի միջազգային կոնգրես, 1860 թվական)։ Ֆրանսիացի ֆիզիկոս Ժ․ Պերենի բրոունյան շարժման ուսումնասիրությունները (1906 թվական) դարձան մոլեկուլի գոյության առաջին փորձնական ապացույցը։ Մոլեկուլի կառուցվածքի հիմնական օրինաչափությունները պարզվեցին քիմիական ռեակցիաների հետազոտման, նոր, հատկապես օրգանական միացությունների սինթեզի, անալիզի և ֆիզիկական մեթոդների կիրառման շնորհիվ։ Մոլեկուլի հայտնագործումը քիմիայի՝ որպես գիտության զարգացման արդյունքն է։ Մոլեկուլի կառուցվածքը, հատկությունները և փոխարկումների օրինաչափություններն այսօր էլ քիմիայի ուսումնասիրության հիմնական առարկաներն են։ Քիմիական ռեակցիան նյութերի մոլեկուլների փոխարկումն է այլ նյութերի մոլեկուլների։