Կիլիկիայի հայկական պետութունը միջնադարյան ավատատիրական պետություն էր 1080–1375 թթ-ին` Փոքր Ասիայի հարավ-արևելքում՝ Միջերկրական ծովափի հյուսիսարևելյան անկյունում: Անվանվել է նաև Կիլիկիա, Կիլիկյան Հայաստան, Հայոց Կիլիկիա, Սիսուան, Հայաստան Փոքր, Հայոց աշխարհ: Ապրել է զարգացման 2 փուլ՝ Մեծ իշխանապետություն (1080–1198 թթ.) և թագավորություն (1198–1375 թթ.):
Կիլիկիայի բնաշխարհը բաժանվում է Դաշտային Կիլիկիա և Լեռնային Կիլիկիա հատվածների: Հայկական աղբյուրներում Կիլիկյան Հայաստանի հյուսիսարևելյան շրջանը կոչվում է Լեռնային Կիլիկիա կամ Գահ Կիլիկիո, հարավարևելյան ծովամերձ շրջանը՝ Դաշտային Կիլիկիա, արևմտյան շրջանը՝ Քարուտ Կիլիկիա: Հռոմեացի Յուստինոս պատմիչը վկայում է, որ մ. թ. ա. 83 թ-ին Հայոց Տիգրան Բ Մեծ թագավորը Դաշտային Կիլիկիան միացրել է իր տերությանը, իսկ Լեռնային Կիլիկիան անցել է նրա դաշնակից Միհրդատ VI Պոնտացուն: Մ. թ. ա. I դարից Կիլիկիայում ասորիների, հրեաների, հույների հետ միասին մեծ թվով հայեր են ապրել: IV դարի պատմիչ Ամմիանոս Մարկեղինոսը հաղորդում է, որ Իսոսի կամ Ալեքսանդրետի ծոցը կոչվում էր Հայոց ծոց: